Կոլոլակ հարթակի ծառայությունների օգտագործման համաձայնագիր


Ներածական դրույթներ

Կոլոլակը էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին պատվիրել, իսկ հեղինակներին տրամադրել տեսահոլովակի ստեղծման ծառայություններ։

Կոլոլակը հեղինակներին և հաճախորդներին տրամադրում է հասանելիություն տեսահոլովակի ստեղծման ծառայությունների որոնման, տեղադրման և դիտման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս հեղինակներին և հաճախորդներին արդյունավետ փոխհարաբերվելու ծառայությունների վերաբերյալ։

Էլեկտրոնային հարթակում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը հիմնված է օգտագործողների կողմից տրամադրված տեղեկատվության վրա, կրում է բացառապես տեղեկատվական բնույթ և չի հավակնում լինել, և հետևաբար, չպետք է օգտագործվի իբրև, ճշտված, ճշմարիտ կամ հավասատի տեղեկատվություն։

Կոլոլակը չի միջամտում էլեկտրոնային հարթակի օգտագործման հետ կապված օգտագործողների միջև ծագող կամ առկա պայմանագրային հարաբերություններին, չի հանդիսանում այդ հարաբերությունների կողմ և չի կրում որևէ տեսակի պատասխանատվություն օգտագործողների գործողությունների կամ անգործության համար։

Տեսահոլովակի ստեղծման և փոխանցման ծառայությունները մատուցվում են հեղինակի կողմից ուղղակիորեն հաճախորդին, և նրանց միջև պայմանագիրը նույնպես կնքվում է ուղղակիորեն։ Կոլոլակը հանդիսանում է բացառապես իբրև տեղեկատվություն տրամադրող հարթակ։

Անձը համարվում է էլեկտրոնային հարթակի օգտագործող այն պահից, երբ կատարում է էլեկտրոնային հարթակի և (կամ) դրա առանձին մասերի և (կամ) դրա ընձեռած առանձին հնարավորությունների օգտագործմանը ուղղված գործողություններ` ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ էլեկտրոնային հարթակում գրանցվելուց, առաջարկ տեղադրելուց, պատվեր կատարելուց և տեսահոլովակը ստանալուց, մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կողմերի կողմից պարտավորությունների դադարման պահը։

Սույնով էլեկտրոնային հարթակի յուրաքանչյուր օգտագործող հաստատում է, որ ընթերցել, ընդունել, ակցեպտավորել է և համաձայն է ամբողջությամբ պահպանել սույն համաձայնագրի դրույթները

1. Սահմանումներ և եզրույթներ

Կոլոլակ հարթակի ծառայությունների օգտագործման համաձայնագիր (այսուհետ նաև՝ օգտագործման համաձայնագիր, համաձայնագիր) – սույն համաձայնագրում ներկայացված հրապարակային օֆերտա՝ անձանց անորոշ շրջանակին ուղղված առաջարկ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի։

Օգտագործման համաձայնագրի կողմերը – Կոլոլակ, հեղինակ և հաճախորդ։ Հեղինակը և հաճախորդը սույն համաձայնագրի շրջանակներում համարվում են նաև օգտագործող և նրանց նկատմամբ կիրառվում օգտագործողին վերաբերող դրույթները։

Կոլոլակ – ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված առևտրային իրավաբանական անձ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն), որի անվանումն է “Կոլոլակ” ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 00933506, պետական գրանցման համար՝ 282.110.1120467), որի իրավաբանական հասցեն է Գալշոյան Փ։ / 30 / 92 Նոր Նորք 0079 Երևան, Հայաստան, և որի կողմից շահագործվում է www.kololak.com համացանցային կայքէջը, որտեղ զետեղված է Կոլոլակ էլեկտրոնային հարթակը։

Կոլոլակ էլեկտրոնային հարթակ, Կոլոլակ հարթակ, Էլեկտրոնային հարթակ, հարթակ - ծրագրային, տեխնիկական և տեղեկատվական լուծումների համալիր (համակարգ), որը հնարավորություն է տալիս օգտագործողներին տեղադրել տեղեկատվություն, այդ թվում՝ տեսահոլովակ պատրաստելու ծառայության, նման տեղեկատվության և առաջարկների հետ ծանոթանալու, պատվեր տալու համար, ինչպես նաև գործառութային հնարավորություններ, որոնք հասանելի են օգտագործողներին։ Կոլոլակ էլեկտրոնային հարթակը ներառում է համացանցային կայքէջը, դրա ծրագրային ծառայությունները և կառավարման հարթակը։ Կոլոլակ հարթակի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են «Կոլոլակ» ՍՊԸ-ին։

Ծառայություններ – տեսահոլովակի ստեղծման և փոխանցման ծառայությունները, որոնց վերաբերյալ հաճախորդը կատարում է հարթակի միջոցով որոնում հեղինակի կողմից ներկայացված առաջարկների շրջանակում։

Առաջարկ – Հեղինակի կողմից Էլեկտրոնային հարթակում տեղադրված և անձանց անորոշ շրջանակին ուղղված Ծառայությունների մատուցման առաջարկ՝ ծառայության համառոտ նկարագրությամբ և գնանշումով։

Պատվեր – Էլեկտրոնային հարթակի միջոցով հաճախորդի կողմից էլեկտրոնային եղանակով ձևապերպված պատվեր Ծառայություններ ստանալու վերաբերյալ։

Պատվերի վերջնաժամկետ – Հեղինակի կողմից հաճախորդին տեսահոլովակի ստեղծման և տրամադրման պատվերի կատարման վերնջաժամկետ, որը հաշվարկվում է է հետևյալ կերպ. Հաճախորդի կողմից իր բջջային հեռախոսահամարի՝ Կոլոլակ հարթակի կողմից վավերացման պահից սկսված հաճախորդի կողմից ընտրված օրերի քանակով՝ ժամի ճշտությամբ։ Րոպեները լրացվում են մինչև դրան հաջորդող ժամը։

Տեսահոլովակ – տեսաձայնային ստեղծագործություն, որը ստեղծվում է և տեղադրվում հեղինակի կողմից, և պարտադիր ներառում է հեղինակին և բավարարում է առաջարկում և (կամ) պատվերում ձևակերպված պահանջներին։

Գրանցում – Հեղինակի կողմից գրանցում էլեկտրոնային հարթակում, որը կատարվում է էլեկտրոնային եղանակով հատուկ ձևաթուղթ լրացնելու և այդ ձևաթղթում անհրաժեշտ տվյալները ներառելու միջոցով, և համարվում է, ի թիվս այլոց, սույն համաձայնագրի պայմանների պարտադիր ընդունում։ Գրանցումը նախապայման է Կոլոլակ հարթակից հնարավորություններից օգտվելու համար։

Օգտագործող - ցանկացած 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձ։ Էլեկտրոնային հարթակը տարբերակում է օգտագործողի երկու տեսակ՝ հեղինակ և հաճախորդ։

Օգտագործողի անձնական տվյալները – օգտագործողի կողմից տրամադրվող անձնական տվյալներ, որոնք գիտակցաբար և կամավոր տրամադրվում են ֆիզիական անձ հանդիսացող օգտագործողի կողմից Գրանցման, և (կամ) Պատվերի ձևակերպման համար և որը անհրաժեշտ է սույն Համաձայնագրի կատարման համար, որով օգտագործողը հանդիսանում է շահառու։ Նշված նպատակների համար հաճախորդը տրամադրում է հետևյալ անձնական տվյալները՝ վավեր հեռախոսահամարը, ինչպես նաև վճարային քարտի միջոցով վճարում կատարելու դեպքում տրամադրվող տվյալները՝ քարտապանի անունը, ազգանունը, քարտի համարը և քարտի գործողության ժամկետը, իսկ հեղինակը՝ անունը, ազգանունը, հարկային ռեզիդենտության վայրը և բանկային վավերապայմանները։

Հաճախորդ – ցանկացած ֆիզիկական անձ, որը Հարթակի միջոցով ձևակերպել է Պատվեր։ Հաճախորդը սույն Համաձայնագրի իմաստով հանդիսանում է նաև Հարթակի Օգտոգործող։

Հեղինակ – ցանկացած ֆիզիկական անձ, որը կամավոր կերպով համակարգում գրանցվել է որպես հեղինակ և ստացել է հասանելիություն հեղինակների համար Էլեկտրոնային հարթակի համար տրամադրվող ծառայություններին և հնարավորություններին։

Հավելված – սույն համաձայնագրին կից, սույն համաձայնագրի մաս հանդիսացող, ինչպես նաև հեղինակի և Կոլոլակի միջև պայմանագրի մաս հանդիսացող հավելված, որում ներառված պայմաններով կարգավորվում են հեղինակի և Կոլոլակի միջև որոշակի հատուկ հարաբերություններ։

Տեսահոլովակ ստեղծման պայմանագիր – ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1107 հոդվածով սահմանված պայմանագիր, որով կարգավորվում է հեղինակի և հաճախորդի միջև հարաբերությունները և համարվում է կնքված հաճախորդի կողմից հեղինակին ուղղված օֆերտան հեղինակի կողմից տրված ակցեպտավորելու պահից։

Վճարումների կատարման օպերատոր - ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա ՀՀ տարածքում վճարահաշվարկային գործառնություններ կատարելու իրավունք ունեցող կազմակերպություն։

2. Ընդհանուր Պայմաններ

Կոլոլակը իրավունք է տալիս օգտագործողներին օգտագործել էլեկտրոնային հարթակը սույն համաձայնագրով սահմանված պայմաններում։ Որևէ ծառայության օգտագործման կամ պատվերից օգտվելու ընտրությունը կատարվում է բացառապես օգտագործողի կողմից և Կոլոլակը որևէ կերպ միջամտություն չունի նման ընտրության վրա։

Կոլոլակ հարթակի օգտագործումը, ինչպես նաև օգտագործողի և Կոլոլակի միջև ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օգտագործման համաձայնագրով։

Ցանկացած օգտագործող Կոլոլակ հարթակը որևէ կերպ օգտագործելիս անվերապահորեն համաձայնվում է սույն համաձայնագրի բոլոր պայմաններին և պարտավորվում է որևէ կերպ չօգտագործել Կոլոլակ հարթակը սույն համաձայնագրի որևէ կետի հետ չհամաձայնվելու դեպքում։

Օգտագործողը համաձայնվում և հաստատում է, որ սույն համաձայնագրով օգտագործողի և Կոլոլակի միջև չեն ծագում հարաբերություններ, որոնք չեն նախատեսված սույն համաձայնագրով։ Մասնավորապես, օգտագործողի և Կոլոլակի միջև չեն առաջանում գործակալական կամ ընկերակցական իրավահարաբերություններ։

Սույն համաձայնագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Սույն համաձայնագրի հետ կապված և օգտագործողի և Կոլոլակի միջև հարաբերություններին վերաբերող բոլոր հնարավոր վեճերը պետք է լուծվեն ՀՀ իրավասու դատարանում։

Իրավասու դատարանի կողմից սույն համաձայնագրի դրույթներից որևէ մեկի անվավեր ճանաչումը չի հանգեցնում համաձայնագրի մյուս կետերի անվավեր ճանաչման։

Օգտագործողը սույն համաձայնագրի կետերին համաձայնություն է տալիս, ի թիվս այլոց, նաև տեսահոլովակ պատվիրելու և (կամ) պատվերը ընդունելու միջոցով։

Օգտագործողը համաձայնվում և հաստատում է, որ վճարում կատարելու հետ կապված և դրա համար անհրաժեշտ ցանկացած տվյալները, այդ թվում բանկային քարտի տվյալները, կարող են փոխանցվել վճարումների կատարման օպերատորին, և Կոլոլակը որևէ կերպ չի տնօրինում, չի մշակում և սույն համաձայնագրում չնախատեսված այլ կերպ չի օգտագործում նշված տվյալները։ Օգտագործողը հաստատում և համաձայնվում է, որ գիտակացաբար ստանձնում է ամբողջական պատասխանատվություն սխալ անձնական տվյալներ տրամադրելու և դրանից բխող բոլոր իրավական և այլ հետևանքները համար, այդ թվում նաև սխալ/թերի տվյալների պատճառով վճարումը չիրականացվելու։


Սույնով օգտագործողը ընդունում և համաձայնվում է, որ Կոլոլակը.

  • չի զբաղվում տեսակոլովակի ստեղծման և տրամադրմամբ՝ ոչ հատուցմամբ, ոչ անհատույց։
  • չի հանդիսանում հանդիսանում ստեղծագործության ստեղծման նախաձեռնող, ինչպես նաև որևէ կերպ չի նախաձեռնում հեղինակի և հաճախորդի միջև պայմանագրերի կնքումը Կոլոլակ հարթակի միջոցով։
  • Կոլոլակը հանդիսանում է էլեկտրոնային առևտրային հարթակ՝ համաձայն ՀՀ օրենսդրության, և «Կոլոլակ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Կոլոլակ էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողը պատասխանատվություն չի կրում հեղինակի և հաճախորդի միջև կնքված պայմանագրերից ծագող որևէ տեսակի պարտավորությունների համար՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 416.2. հոդվածի։

3. Կոլոլակի իրավունքները

Կոլոլակը իրավունք ունի արգելափակելու օգտագործողի հասանելիությունը հարթակին և հեռացնելու հարթակից օգտագործողի կողմից հարթակում տեղակայված ստեղված ցանկացած նյութ առանց նման գործողության պատճառները պարզաբանելու, մասնավորապես, եթե օգտագործողի կողմից խախտվել են սույն համաձայնագրի դրույթները, երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը կամ ՀՀ օրենսդրության պահանջները։ Կոլոլակը պատասխանատվություն չի կրում օգտագործողի կողմից արգելափակման արդյունքում ուղղակի կամ անուղղակի կրած վնասի և (կամ) բաց թողնված օգուտի համար։ Օգտագործողը համաձայնվում է արգելափակման նման կարգի հետ և պարտավորվում է կատարել Կոլոլակի որոշումը։

Կոլոլակը կատարում է հարթակի ընթացիկ սպասարկում և կառավարում, իրավունք ունի ինքնուրույն որոշելու հարթակի կառուցվածքը և այլ տարրերը։ Կոլոլակը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի վերանայել և փոփոխել և լրացնել հարթակի ցանկացած տարր, ինչպես նաև հարթակի որևէ մասին օգտագործողի հասանելիության պայմանները։

4. Հարթակի օգտագործման սահմանափակումները

Օգտագործողների կողմից հարթակի օգտագործումը, այդ թվում՝ հարթակում ցանկացած տեսակի նյութի կամ տվյալի տեղադրումը պետք է համապատասխանի գործող ՀՀ օրենսդրության պահանջներին, սույն համաձայնագրի պայմաններին և երրորդ անձանց իրավունքներին և օրինական շահերին։

Հարթակը օգտագործելիս Կոլոլակի օգտագործողը իրավունք չունի.

Բեռնել, փոխանցել և որևի այլ կերպ տեղադրել և տարածել տեղեկատվություն և նյութեր, որոնց ապօրինի են, վնասակար են, պարունակում են զրպարտություն, բռնություն, դաժանություն, խախտում են անձան իրավունքները, քարոզում են ատելություն, բռնություն կա ՀՀ օրենսդրությամբ արգելված որևէ տեսակի խտրականություն, պարունում են վիրավորանք անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, պարունակում են պոռնկագրական նյութերի և ՀՀ օրենսդրությամբ արգելված այլ տարրեր։

Սույով օգտագործողը հաստատում է, որ հարթակի օգտագործման ընթացքում իր կողմից օրենսդրությանը հակասող նյութերը հայտնաբերման դեպքում պարտավորվում է այդ մասին տեղեկացնել Կոլոլակին։

5. Մտավոր սեփականությունը

Կոլոլակ հարթակի միջոցով հասանելի բոլոր մտավոր սեփականության օբյեկտների և մտավոր գործունեության արդյունքների վրա տարածվում են Կոլոլակի և այլ իրավատերերի բացառիկ իրավունքները։

Կոլոլակ էլեկտրոնային հարթակի, դրանում առկա կոլոլակի ֆիրմային անվանման կոլոլակի տարբերանշանի, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են Կոլոլակին։

Կոլոլակ հարթակի որևէ տարր, ինչպես նաև Կոլոլակ հարթակում տեղադրված որևէ նյութ, որը հանդիսանում է մտավոր գործունեության արդյունք, չի կարող օգտագործվել այլ կերպ, քան տվյալ մտավոր գործունեության իրավատիրոջ նախապես ստացած թույլտվությամբ և այդ թույլտվության պայմաններին համապատասխան։

Կոլոլակը օգտագործողին իրավունք է տալիս օգտագործել էլեկտրոնային հարթակը բացառապես անձնական նպատակներով, հարթակի ուղղակի նշանակությամբ և պայմանով, որ օգտագործողի կողմից կամ նրա օժանդակության կամ աջակցությամբ, հարթակը կամ դրա որևէ մաս չի վերարտադրվի, պատճենվի և փոփոխվի և չի օգտագործվի առևտրային նպատակներով։

Հարթակի օգտագործումը անհատույց է, բացառությամբ սույն համաձայնագրով ուղղակիորեն նախատեսված այն դեպքերից և համակարգի օգտագործումը հատուցվելի է և կատարվում է վարձատրության դիմաց։

Քանի որ հարթակը հնարավորություն է տալիս օգտագործողներին հարթակում տեղադրել, պահել և փոխանցել այնպիսի նյութերը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ տեսահոլովակ), որը կարող է հանդիսանալ մտավոր գործունեության արդյունք, օգտագործողները համաձայնվում են, որ հարթակում տեղադրման պահից նման մտավոր գործունեության արդյունքները կարող են անհատույց և ոչ բացառիկ իրավունքով օգտագործվել Կոլոլակի կողմից համակարգի գործունեության ապահովման և առաջխաղացման համար։

Հստակության համար, սույն համաձանյագրի կողմերը ընդունում են, որ հեղինակի կողմից հարթակում տեղադրված տեսահոլավակը հանդիսանում է հեղինակի մտավոր գործունեության արդյունք, եթե համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ մտավոր սեփականության արդյունքներին առաջադրվող պահաջներին, և հեղինակը հաճախորդին և Կոլոլակին նման մտավոր սեփականության արդյունքի օգտագործման իրավունքը տրամադրում է սույն համաձայնագրով սահմանված դեպքերում և կարգով։

6. Կողմերի և Կոլոլակի միջև իրավահարաբերություները

Կոլոլակը օգտագործողին հասարակ, ոչ բացառիկ լիցենզիա է տրամադրում օգտագործելու Կոլոլակ համակարգի ծրագրային լուծումները դրանց ուղղակի նշանակությանը համապատասպան։ Օգտագործողի և Կոլոլակի միջև կնքվում է անհատուց լիցենզիայի պայմանագիր, որը համարվում է կնքված օգտագործողի կողմից էլեկտրոնային հարթակի կամ դրա որևէ մասի որևէ կերպ օգտագործելուն ուղղված գործողություն կատարելու պահից, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, պատվեր ձևակերպելու, համակարգում գրանցվելու, պատվեր ակցեպտավորելու, տեսահոլովակ բեռնելու։

Հարթակի միջոցով Կոլոլակը հեղինակին մատուցում է հետևյալ ծառայությունները.

  1. Հեղինակին հասանելի է դարձնում հաճախորդի և նրա հարցման մասին տեղեկատվություն
  2. Ապահովում է հաճախորդին տեղեկությունների ստացումը այն հեղինակի կողմից, որը պատրաստ է մատուցել ծառայություններ, այդ ծառայությունների մատուցման պայմանները և հեղինակի կողմից ծառայությունների մատուցման արդյունքների վերաբերյալ։
  3. Տեղեկացնում է հեղինակին հաճախորդի կողմից հեղինակի նկատմամբ վճարային պարտավորության կատարման մասին։

Կոլոլակի կողմից հեղինակին մատուցած ծառայությունների և Հարթակի տրամադրած հնարավորությունների դիմաց, Կոլոլակը իրավունք ունի գանձել վարձատրություն։ Վարձատրության չափը հաշվարկվում է հաճախորդի կողմից պատվերի կատարման դիմաց փոխանցված գումարից որոշակի համամասնությամբ՝ յուրաքանչյուր գործարքի համար առանձին, և Հեղինակը էլեկտրոնային հարթակի միջոցով պատվերը հաստատելու և Հաճախորդի օֆերտան ակցեպավորելու հետ միաժամանակ ընդունում է նաև Կոլոլակի վարձատրության չափի մասին պայմանը։ Կոլոլակի վարձատրությունը հեղինակի կողմից կատարվում է հետևյալ կերպ՝ հաճախորդի կողմից պատվերի կատարման համար վճարը սառեցվում է Վճարումների կատարման օպերատորի կողմից, և բացառապես Հեղինակի և Կոլոլակի կողմից պատվերի կատարումը հաստատելուց հետո Վճարումների կատարման օպերատորը Կոլոլակի հաշվեհամարին փոխանցում է Կոլոլակի վարձատրության մասնաբաժինը, իսկ Հեղինակի հաշվեհամարին՝ վերջինիս վարձատրությունը։

Հեղինակի կողմից հաճախորդին ծառայությունները մատուցվում են՝ տեսահոլովակի ստեղծման պայմանագրին համապատասխան։ Տեսահոլովակի ստեղծման պայմանագիրը կնքվում է օգտագործողների կողմից հարթակի միջոցով ձևապերված պատվերի (օֆերտա) և այդ պատվերի հաստատման (ակցեպտի) միջոցով։ Կոլոլակը որևէ կերպ չի միջամտում առաջարկների, պատվերների, դրանց հաստատման, հեղինակի վարձատրության չափի վրա, ինչպես նաև որէև երաշխիք չի տրամադրում և պատասխանատվություն չի կրում հեղինակի կողմից իր պարտավորությունների կատարման համար։ Միաժամանակ, սույնով հեղինակը ընդունում և համաձայնվում է, որ Կոլոլակը իրավունք ունի ստուգելու պատվերի կատարման համապատասխանությունը պատվերով առաջադրված պայմաններին և դրանց անհամապատասխանության դեպքում իրավունք ունի պահանջելու վերակատարել կամ չեղարկել պատվերը։

Տեսահոլովակի ստեղծման պայմանագիրը համարվում է հեղինակի և հաճախորդի կողմից կնքված հաճախորդի կողմից արված օֆերտան՝ հեղինակի կողմից ակցեպտավորելու վերաբերյալ տեղեկատվությունը հաճախորդի կողմից ստանալու պահից։ Հաճախորդը ընդունում, համաձայնվում և ընդունում է, որ իր օֆերտան կարող է չակցեպտավորվել հեղինակի կողմից, եթե տվյալ օֆերտան չի համապատասխանում, սույն համաձայնագրի, ՀՀ օրենսդրությանը կամ որևէ կերպ ընդունելի չի հեղինակի կողմից։

Հեղինակը հաճախորդի օֆերտան Կոլոլակ հարթակի միջոցով ակցեպտավորելու և պատվերը ընդունելու հետ միաժամանակ, սույն համաձայնագրի դրույթները և պայմանները ընդունելուց զատ և ի լրում դրանց, առանձին ընդունում է նաև պատվերը կատարելու գինը և իրեն հասանելիք վարձատրության մասնաբաժինը, պատվերը կատարելու վերջնաժամկետը, և, ինչպես նաև հաստատում է, որ իր կողմից տրամադրված անձնական տվյալները, մասնավորապես՝ հարկային ռեզիդենտության վայրը և բանկային վավերապայմանները, չեն փոփոխվել։

Պատվերը համարվում է կատարված, եթե այն բեռնվել է Կոլոլակ հարթակում նախանշված միջոցով, եթե պատվերը չի չեղարկվել հաճախորդի կողմից մինչև դրա կատարման վերջնաժամկետի ավարտը կամ պատվերի կատարմանը հաստատումը չի մերժվել Կոլոլակի կողմից։

Հեղինակը և Կոլոլակը ընդունում և համաձայնվում են, որ հաճախորդն իրավունք ունի մինչև հեղինակի կողմից տեսահոլովակի՝ սույն համաձայնագրով սահմանված կարգով տրամադրումը հաճախորդին, ցանկացած պահի իր հայեցողությամբ չեղարկել պատվերը և հետ պահանջել վճարված գումարը։

Պատվերը համարվում է չկատարված և հաճախորդի գումարը ենթակա է վերադարձման, իսկ Հեղինակը ենթակա չէ պատվերի համար վարձատրություն ստանալու, եթե պատվերը չի կատարվել մինչև պատվերի վերջնաժամկետի ավարտը։ Պատվերի չեղարկման կամ պատվերի՝ մինչև դրա կատարման վերջնաժամկետը չկատարման դեպքում, հաճախորդի կողմից վճարված գումարը ամբողջության վերադարձվում է հաճախորդին չեղարկման կամ վերջնաժամկետը լրանալու օրվանից յոթ բանկային օրվա ընթացքում։

Հեղինակի կողմից ստացված ծառայության դիմաց Հաճախորդը պարտավորվում է վճարել անկանխիկ եղանակով՝ օգտագործելով Վճարումների կատարման օպերատորի վճարման համար ընդունելի ճանաչվող վճարային քարտերը։ Հաճախորդի կողմից վճարումը կատարվում է տեսահոլովակի ստացման պայմանագրի հիման վրա Տեսահոլովակը ստանալուց առաջ և նման վճարումը հանդիսանում է պատվիրված տեսահոլովակը ստանալու նախապայման։

Սույնով հեղինակը հաստատում է, որ հաճախորդից դրամական միջոցների ստացումը և հեղինակին դրանց փոխանցումը, կատարվում են Վճարումների կատարման օպերատորի կողմից Կոլոլակի համապատասխան հանձնարարականի հիման վրա, և Կոլոլակը որևէ այլ կերպ միջամտություն, ազդեցություն և (կամ) այլ մասնակցություն չունի նշված գործընթացին։.

Հեղինակը հավաստում և հաստատում է, որ իրավունք ունի հանդիսանալու սույն համաձայնագրի կողմ, իրավունք ունի մատուցելու տեսահոլովակի պատրաստման ծառայություններ և ստանալու Կոլոլակի կողմից մատուցվող ծառայությունները։ Կոլոլակը չի հանդիսանում ոչ հաճախորդի և ոչ հեղինակի հարկային գործակալը։ օգտագործողը պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և վճարել Կոլոլակ հարթակի օգտագործման միջոցով ստացած բոլոր հարկերը և կատարել դրանից բխող այլ պարտավորությունները։